Էջմիածինն ու ուկրաինական Բելգորոդ-Դնեստրովսկին ստորագրելու են համագործակցության հուշագիր .«Արմենպրես»
2018-03-26 09:32:00

 Էջմիածինն ու Ուկրաինայի Օդեսայի մարզի Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքը համագործակցության հուշագիր կստորագրեն: Այդ առիթով օրերս Էջմիածնում կհյուրընկալվի պատվիրակություն Բելգորոդ-Դնեստրովսկիից` քաղաքապետ Ալլա Գինակի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Էջմիածնի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից, փաստաթուղթը կստորագրեն քաղաքապետներ Կարեն Գրիգորյանն ու Ալլա Գինակը:

Այցի շրջանակներում հյուրերը կծանոթանան Էջմիածնի պատմաազգագրական թանգարանի նմուշներին, կայցելեն գրող Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան, Զվարթնոց տաճար, հարգանքի տուրք կմատուցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, կայցելեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Հյուրերին կընդունի նաև Վեհափառ Հայրապետը, որից հետո Ուկրաինայից ժամանած պատվիրակությունը շրջայց կկատարի Մայր Աթոռում:

Հուշագրի ստորագրման արարողությունը նախատեսված է մարտի 28-ին` ժամը 15:00-ին, Էջմիածնի քաղաքապետարանի նիստերի դահլիճում:

Ուկրաինայի Օդեսայի մարզի Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի կողմից 2013 թվականին հայ համայնքին է վերադարձվել պատմամշակութային հուշակոթող Սուրբ ՄարիամԱստվածածին Հայ Առաքելական եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է 14-15 դարերում, որը ներկայում վերականգնման փուլում է, վերաբացումը նախատեսվում է 2018 թվականին:

Այս նյութը դիտել են - 3638 անգամ