Բենզինը գնվում է տոննան 391 դոլարով, Հայաստանում վաճառվում 800 դոլարով
2016-01-30 09:19:00

Երբ հրապարակավ հարց ենք բարձրացնում, թե ինչու՞ նավթի գների նվազման պարագայում բենզինը Հայաստանում ամենաթանկն է նախկին ԽՍՀՄ երկրների համեմատ, պատասխանում են, որ նավթի բաղադրիչը բենզինի արժեքի մեջ 7 տոկոս է: Մոռանանք մի պահ նավթի գները: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է և բենզինի նման ապրանքն առանց մաքսի կարող է շրջանառվել միության տարածքում: 

armweeklynews-ի փոխանցմամբ, հունվարի 27-ի դրությամբ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի նավթամթերքների բորսայում, որը բենզինի հիմնական հարթակն է, 1 տոննա բենզինը վաճառվում է տոննան 390-ից 391 դոլարով: 

Իհարկե, մինչ այդ բենզինը հասնի Հայաստան, կլինեն տրանսպորտային ծախսեր: Առկա է նաև երկրում բենզինի մեծածախ և մանրածախ ծավալի վրա հարկային բեռը: Բայց ոչ մի սպառող չի հավատա, որ կարելի է բենզինը գնել Սանկտ Պետերբուրգում տոննան 390 դոլարով և մանրածախ վաճառել սպառողին տոննան 800 դոլարով: Չի կարող բենզինի արժեքը գնում-ներմուծում-վաճառք սխեմայով աճի երկու անգամ: 

Նման բան չի կարող լինել անմաքս տնտեսական միության տարածքում: 


Այս նյութը դիտել են - 1334 անգամ