Լևոն Ալթունյանին «քցո՞ւմ են». ինչո՞ւ չեղարկվեց աղմկահարույց օրենքը
2018-03-07 14:47:00
Դեղատոմսով դեղեր բաց թողնելու տխրահռչակ որոշման ուժի մեջ մտնելուց տառացիորեն 5 օր հետո հայաստանյան հանրությունն ականատես է դառնում ոչ պակաս շշմեցուցիչ մի իրադարձության : 
 Պարզվում է՝ Կառավարությունում , իսկ ավելի ճիշտ՝ դրա անքակտելի մասը կազմող Առողջապահության նախարարույոնում , որն, ինչպես հայտնի է, արդեն բավական տևական ժամանակ է՝ ղեկավարվում է բազմաթիվ սկանդալների կիզակետում հայտնված Լևոն Ալթունյանի կողմից , որոշել են չեղարկել հասարակության շրջանում մեծ աղմուկ բարձրացրած համապատասխան որոշումն առնվազը մինչև աշուն: Կառավարության մարտի 6-ի նիստի օրակարգում ընդգրկվել էր դեղատոմսով դեղեր բաց թողնելու հայտնի որոշումը ժամանակավորապես կասեցնելու հարցը:
Թե հատկապես որը կարող էր լինել այս մեծ ու հակասական աղմուկի պատճառը , կոնկրետ պատասխան տալը մի փոքր դժվար է : Փաստ է , սակայն , որ ոչ ոք այնքան չտուժեց այս «բազարից», որքան նախարար Լևոն Ալթունյանն , ում հեղինակությունն առանց այն էլ խարխլված վիճակում է գտնվում :
Այս մարդու նշանակման առաջին իսկ օրվանից , երբ պարզ դարձավ , որ բիզնեսմեն նախարարն այնքան էլ կապ չունի իր կողմից ղեկավարվող ոլորտի հետ ,հասարակության շրջանում մեռան բոլոր հույսերը, թե տեսանելի ապագայում ՀՀ առողջապահական համակարգը կարող է նորմալ տեսքի գալ:
Կարելի է ենթադրել , որ կա՛մ նախարարությունում որոշում կայացնելուց առաջ իսկապես հաշվի չէին առել հասարակական արձագանքը , կա՛մ նրանք , ովքեր ներշնչել էին Ալթունյանին՝ առաջ տանելու այդ վիճելի գաղափարն , իրականում ցանկություն ունեին նրան անհարմար դրության մեջ դնելու ու սասանելու նախարարի դիրքերը Կառավարությունում:
Այս տարբերակն առավել քան հավանական է թվում հատկապես այն լուրերի ֆոնին, որոնք արդեն սկսել են տարածվել հայաստանյան լրատվական դաշտում:
Դրանք գուժում են Լևոն Ալթունյանի մոտալուտ հրաժարականը՝ հնարավոր է ապրիլից հետո , երբ Հայաստանում ամեն բան կընկնի իր տեղը :
Ճիշտ է՝ դեռևս սույն օրենքի վերջնական չեղարկման մասին խոսք չկա , ու կառավարությունն ինքը խոսում է ընդամենը հասարակության շրջանում նախապատրաստական աշխատանքներ տանելու անհրաժեշտության մասին , որից հետո իբր օրենքն արդեն վերջնականորեն կմտնի մարդկանց կենցաղ , սակայն ակնհայտ է , որ սույն քայլն իսկապես նահանջ է Կառավարության կողմից , որը թեպետ առաջին հայացքից կարող է թվալ ժողովրդավարության հաղթանակի արդյունք , սակայն խորքային հայացք նետելու պարագայում դժվար չէ հասկանալ , թե ինչ է թաքնված այս ամենի հետևում :
Ցավոք , Հայաստանում հասարակությունը դարձել է ընդամենը գործիք քաղաքականության մեջ , բայց ոչ երբեք ռեալ գործոն :
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 4188 անգամ