Իրականություն vs PR
2018-03-07 13:50:00
Հայաստանի ոստիկանության գործելակերպի՝ շատ հաճախ հակամարդկային դրսևորումների մասին տեղյակ են շատերը: 
Չնայած առաջին հայացքից հատկապես ոստիկանապետի՝ շատ դեպքերում դասախոսություն հիշեցնող ու իրենց մեջ սպառնալիք պարունակող ելույթներին՝ ուղղված սեփական ենթականերին, կարող է թվալ,թե համակարգում հին բարքերին վաղուց հրաժեշտ են տվել, սակայն պրակտիկան ցույց է տալիս,որ շատ դեպքերում ամեն բան այնքան էլ այնքան վարդագույն չէ, որքան փորձում են ներկայացնել համապատասխանները:
Մամուլում տեղ է գտել մի քրեական գործի պատմություն, որից պարզ է դառնում, որ ենթադրյալ ամբաստանյալի նկատմամբ ամիսներ առաջ ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցները բռնություն են գործադրել և պատճառել մարմնական վնասվածքներ ` պահանջելով խոստովանել իր կողմից չկատարած անասնագողության դեպքը :
Ճիշտ է՝ այդ քաղաքացու նկատամբ բռնության սույն դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, սակայն խնդրի սրությունը դրանով չի բթանում:
Փաստ է, որ նման պրակտիկա կիրառվում է ոստիկանության կողմից, ու եթե մամուլը գրում է կոնկրետ մեկ դեպքի մասին, ապա միանշանակ է,որ նմանատիպ դեպքերի քանակն անհամեմատ ավելին է, քան կարելի է պատկերացնել:
Ի՞նչ համոզմունքով են քաղաքացու նկատմամբ համապատասխան ոստիկանները կիրառել բռնություն:
Անկասկած, այն համոզմունքով, որ դրա համար պատասխանատվության չեն ենթարկվելու:
Ի՞նչը կարող էր լինել նրանց այդ համոզմունքի պատճառը:
Պատասխանը մեկն է՝ այն իրականությունը, որը բնորոշ է ոստիկանական համակարգին այսօր:
Փաստացի սա նշանակում է,որ քչերն են Վլադիմիր Գասպարյանի ասածը բանի տեղ դնում՝ ելնելով, իհարկե, իրականությունից, ռեալ ոստիկանական պրակտիկայից, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ շատ հաճախ տեսախցիկների առաջ խիստ դեմքով ելույթ ունեցող ոստիկանապետի համապատասխան քայլն ընդամենը ոստիկանական PR-ի հերթական չափաբաժինն է միայն ու ոչ ավելին:
Իհարկե, չարաշահում թույլ տված ոստիկանները պատժի կենթարկվեն բոլոր պարագաներում, քանի որ այս գործը համահանրապետական արձագանք է ստացել, սակայն վստահաբար կարելի է պնդել,որ դա կլինի երջանիկ բացառություն, այլ ոչ երբեք օրինաչափություն: Մինչդեռ պետք է հակառակը լիներ:
Այս նյութը դիտել են - 277623 անգամ