Փառանձեմ Մեյթիխանյան. ամբաստանյալներից մեկը, ուղղակի աչքերիս մեջ նայելով, սպառնաց՝ դատաքննությունը կավարտվի, դու քո հալը կտեսնես. «Հրապարակ»
2018-03-02 13:38:00
Մեկ տարի ութ ամիս առաջ Նուբարաշենում դաժանաբար ծեծի ենթարկվեց եւ սպանվեց Եղիշե Խաչատրյանը՝ հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսինը։ Գործով 5 անձ կալանավորված է, ամիսներ շարունակ դատաքննություն է ընթանում, որի ժամանակ ամբաստանյալներն ու նրանց հարազատները ճնշումներ են գործադրում տուժողի իրավահաջորդների եւ դատարանի նկատմամբ։
Մենք զրուցեցինք տիկին Մեյթիխանյանի հետ դատաքննության ընթացքի եւ այլ հարցերի շուրջ։
-Ծանր ողբերգությունից 1 տարի 8 ամիս է անցել: Ինչպե՞ս եք զգում Ձեզ, ինչպե՞ս հաղթահարեցիք կորստի ցավը, եթե, իհարկե, հաղթահարել եք։
-Ապրում եմ, ապրում ենք… Լավ ընտանիք ասվածն այսպիսի պահերի է դրսեւորվում: Լավ զավակներ, հոգատար սկեսուր, ում աղջիկս դեռ փոքր հասակից «մայրիկ» է ասում: Մի խոսքով՝ առողջ մարդկային հարաբերություններ: Ավագ որդիս հոր գործն է անում, կրտսերս խորանում է ծրագրավորման մեջ, աղջիկս իսպաներենի լավ մասնագետ է, դասավանդում է պետհամալսարանում: Դե իսկ ես… Ապրում եմ, թող զարմանալի չթվա, երկնքի ու երկրի միջակայքում: Երկնայինը Եղիշեն է արդեն, որ ամեն պահ ինձ հետ է, երկրայինը՝ իմ համալսարանական կյանքը՝ դասեր, գիտական աշխատանք, ընտանեկան առօրյա, հոգսեր: Իսկ այդ ամենին ավելացել է եւս մեկը՝ գյուղական գործերում որդուս օգնելը: Ի դեպ՝ երկնայինի մասին: Իմ կյանքի որոշակի փուլում շատ էի ռոմանտիկ, իսկ Եղիշեն դա համարում էր իմ ամենաթույլ կողմը: Անգամ հիշում եմ՝ բանաստեղծություն գրեցի․
Ասում ես՝ երկնքից իջի՛ր,
Տարիքդ էլ այն չէ բնավ,
Աստղերը երկնքում են փայլում,
Մոռացի՛ր աստղերը, իջի՛ր վար…
Իր դաժան մահը վերջ տվեց ամեն մի հեքիաթի ու երազի, իսկ երկնքում, համոզված եմ, ինքն է ու իր նման անմեղ զոհերը:
Իմ պարագայում կորստի ցավը երբեք չի կարող մեղմանալ: Միգուցե… եթե մայրը ներկա չլիներ, այսքան ցավագին չլիներ մեզ համար: Միգուցե… Եթե կարողանայի գոնե մի պահ մոռանալ դեպքի վայրում սկեսուրիս_ «կինը չեմ, մա՜յրն եմ, մա՜յրը» _բղավոցները: Միգուցե… եթե ամբաստանյալներն ու նրանց հարազատները նման վարքագիծ չդրսեւորեին ու հարգեին մեր վիշտը: Ի դեպ, դատարանում հերթական խառնաշփոթի ժամանակ ամբաստանյալներից մեկը, ուղղակի աչքերիս մեջ նայելով, սպառնաց՝ դատաքննությունը կավարտվի, դու քո հալը կտեսնես, մյուսը բարձրաձայն, ի լուր բոլորի՝ գյուլելու եմ, բոլորիդ գյուլելու եմ:
Մի կողմ դնեմ «լավ _որդի», «լավ ամուսին», «լավ հայր», «լավ եղբայր», «լավ ընկեր ու հարեւան» _բնութագրիչները: Երազում էինք միասին ծերանալ, չթողին…
Սա է իրականությունը: Ճաշասենյակի պատին կախված է ամուսնուս մեծադիր նկարը. այն մեզ պարտավորեցնում է ապրել: Ես դա քաջ գիտակցում եմ. նրա այգիները պետք է ամեն գարնան ծաղկեն ու պտուղ տան:
 -Ինչո՞ւ դժվար:
-Որովհետեւ գաղտնիք չէ, եւ նախաքննությամբ էլ կան նյութեր, որոնք փաստում են վկաների վրա ամբաստանյալների հարազատների կողմից ճնշում գործադրելու մասին: Եվ դա՝ այն աստիճան ակնհայտ, որ վկաներից մեկը նախաքննական մարմնին խնդրում է իրեն զերծ պահել ամեն կարգի հանդիպումներից, երբ իրեն խնդրում են խղճալ իրենց տղաներին եւ նրանց դեմ ցուցմունք չտալ:
Տուժող Սանասար Բադալյանը բացառություն չէր. նա այն աստիճան փոխեց իր նախաքննական ցուցմունքները, որ առաջացած էական հակասություններն ստիպեցին դատավորին հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները: Բայց որքան էլ նա ակնհայտ ուղղորդված եկել էր դատարան, այդուհանդերձ, մեղադրողի՝ տրամաբանությունից բխող հարցերի համատեքստում թույլ տվեց սայթաքումներ՝ խոստովանելով, որ ինքը նախաքննության ընթացքում դեպքերն ավելի լավ է հիշել:
Ամբաստանյալների հարազատների հանդգնությունն այն աստիճանի է հասել, որ դատարանում ինձ վրա մատ են թափահարում, էլ ուր մնաց վկաներին չվախեցնեն:
Կամ թեկուզ փակ վկայի գործը: Այդ ո՞ր _փակ _վկան է ինքնաբացահայտվում…
-Ձեր առջեւ ամբաստանյալներն են՝ գրեթե Ձեր որդիների տարիքի, դահլիճում՝ նրանց հարազատներն ու ընկերները: Բնական է, որ Ձեզ համար դժվար է: Ամբաստանյալների հանդեպ Ձեր վերաբերմունքը…
-Բնավորությամբ պոռթկուն եմ, էմոցիոնալ, ինչը խանգարում է ինձ դատական նիստերին զսպվածություն դրսեւորել եւ ինչի պատճառով դատավորի կողմից ստացել եմ նախազգուշացումներ: Որքանո՞վ է տանելի, հարգելի՛ Արմինե, երբ քո աչքի առաջ նստած ամբաստանյալներից մեկը հեգնախառն ժպիտով շոյում է մյուս ամբաստանյալի որովայնը՝ ակնարկելով վերջինիս բանտում չաղանալը, ու լկտիաբար նայում է աչքերիս՝ կարծես ասելով, որ տե՛ս, հա, մենք բանտում էլ մեզ վատ չենք զգում:
Բայց դե ոչինչ, ինքնատիրապետումս չեմ կորցնում, գնալով հավաքվում եմ, ավելի զգոնանում: Սեւակն է օգնում՝
Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում-
Ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում…
Ասեմ ավելին: Դատական յուրաքանչյուր նիստից հետո տանը մեկ անգամ եւս լսում եմ տվյալ դատի ձայնագրառման կրիչները ու դրանք վերածում եմ տեքստի: Իսկ կրիչներում այլեւս անդառնալի արձանագրված են թե՛ բուն դատական գործընթացը, թե՛ ամբաստանյալների պաշտպանների՝ զավեշտի հասնող գնահատողական հարցերը եւ անգամ ամբաստանյալների ու նրանց պաշտպանների շշուկները, որոնք ոչ պակաս սարսափելի են: Դրանք մի օր անպայման կհրապարակվեն:
Իսկ հարազատներից (խնայելով մյուսներին) կուզեի մի երկու խոսք ասել միայն ամբաստանյալ խաչիկ կոսյանի թոշակառու գնդապետ հոր մասին, ով դատարան չի գալիս, բայց ամենայն ուշադրությամբ հետեւում է ողջ գործընթացին, փորձում աղմուկ բարձրացնել: Ամենուր հնչեցնում է անհեթեթություններ ու հոխորտում, որ Մեյթիխանյանը ուղղորդել է նախաքննությունը, որ սերտ ընկերական հարաբերություններ է ունեցել եւ ունի քննիչ Դավիթ Կոստանդյանի հարազատների հետ: Լավ, էս մարդն ամոթ չունի՞: Հպարտորեն եթերից հայտարարում է, որ նախաքննության նյութերը, ի տարբերություն ինձ (ես կարդացել եմ տասն անգամ), ինքը հազար անգամ է կարդացել (երեւի թե որդու կաշին հերթական անգամ փրկելու ինչ-որ ծե՞ղ գտնի) ու կաշվից դուրս է գալիս՝ ապացուցելու, որ մածունը… սեւ է:
Իր ապրած կյանքի ընթացքում երեւի թե սա միակ դեպքն է, որ նախկին դահկ-ականին չի հաջողվում ինձ հետ հանդիպել եւ իր ենթադրյալ _վերսիան _ինձ հրամցնել: Ու ստիպված նժարին է դրել որդուց հրապարակավ հրաժարվելու տարբերակը. սեփական պատիվը փրկելու ի՜նչ դիվանագիտական քայլ: Այս ամենն ինձ մոտ միայն նողկանք է առաջացնում, ու մնում է մի խորհուրդ տալ որդեսեր այդ ծնողին, որ հազարմեկերորդ անգամ կարդա միայն իր որդու բոլոր ցուցմունքները եւ լսի նրա հեռախոսային գաղտնալսումները. բա էդքան էլ երախտամոռ որդի՞. ողջ կյանքը հոր ուսադիրների փայլով կուրացած՝ հիմա եկել ու գողականով է փորձում ինքնադրսեւորվել: Դրանից հետո երեւի թե կհասկանա մի պարզ ճշմարտություն, որ թխսի բոլոր ձվերից չէ, որ ճուտ է դուրս գալիս: Ժողովուրդն էդ փուչ ձվերին լախ ձու է ասում:
-Ինչպե՞ս կգնահատեիք ամբաստանյալների պաշտպանների եւ Ձեր շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի աշխատանքը:
-Ինչ վերաբերում է Ինեսսային, կասեմ, որ գործ ունեմ մի մարդու հետ, ով մեր գործում ներգրավված օրից մեզ հետ է, մեր կողքին է նախեւառաջ իբրեւ մարդ եւ ապա միայն՝ իբրեւ փաստաբան: Մեկ անգամ չէ, որ նրա աչքերում տեսել եմ արցունքներ: Լաց եմ եղել ես, լաց է եղել եւ ինքը: Ազնիվ է, պրոֆեսիոնալ, համարձակ, գոհ եմ իմ ընտրությունից:
Ինչ վերաբերում է ամբաստանյալների պաշտպաններին: Ավելորդ եմ համարում ասել, որ, իհարկե, հասկանում ենք, սա իրենց գործն է, ուստի անում են հնարավոր ու անհնարին ամեն ինչ: Բայց ինչպե՞ս… Մեկ բառով կասեմ՝ ստում են, ստում են՝ նայելով ուղիղ աչքերիդ մեջ: Եվ իրենց բնավ չի հետաքրքրում, թե տուժող կողմն ինչ կմտածի իրենց մասին. կարեւորն այն է, որ դա գնահատեն իրենց վճարողները: Եվ պատրաստ եմ ասածս ապացուցել կրիչներում արձանագրված բազմաթիվ փաստերով:
Կուզեի կարեւորել նաեւ հետեւյալը. թերեւս ճիշտ կլիներ, որ քրեական նման ծանր հանցագործությունների պարագայում դատաքննություններին Փաստաբանների պալատի կողմից ներկա լինեին անկախ փորձագետ-փաստաբաններ, որոնք կհետեւեին եւ կարձանագրեին տվյալ գործում ներգրավված փաստաբանների օրինաչափ եւ ոչ օրինաչափ բոլոր գործողությունները. ասենք, օրինակ, որքանով է էթիկայի նորմերին համարժեք փաստաբանների համբուրվելն իրենց ամբաստանյալների հետ հենց տուժող կողմի ներկայությամբ, որքանով է բարոյական տարեց կնոջը նույնաբովանդակ հարցերով ամեն գնով շփոթեցնելու եւ իրենց իբր թե ուզած հակասությունը ստանալու վարքագիծը, արհեստական ու շինծու, կրկնվող հարցերի անվերջանալի շղթան: Ավտոմատի կրակահերթի պես բառերի կաղապարային կույտ հնչեցնելը, իրենց խոսքը բացարձակ չվերահսկելը, գործի առանցքային հանգամանքների վերաբերյալ տասնյակ լեզվական կոպիտ սխալներ թույլ տալը մի կողմ թողնելով ու չնկատելով՝ հանկարծ փորձում են կառչել մեղադրողի իբր թե սխալ խոսքից կամ բառից. անգամ վկայակոչում են ինձ՝ որպես լեզվաբանի, բայց արդյունքում անհարմար իրավիճակ ստեղծում նախեւառաջ հենց իրենց համար: Նման օրինակներն այնքան շատ են ու ոճականորեն խայտաբղետ, որ դա կլինի առանձին խոսակցության նյութ:
-Բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ են Հարսնաքարի դեպքերը եւ Վահե Ավետյանի սպանությունը: Մեծ աղմուկ բարձրացավ: Հանրությունը բուռն արձագանքեց: Ձեր դեպքում Դուք չգնացիք աղմուկի: Ինչո՞ւ:
-Ճիշտն ասած՝ չեմ էլ մտածել այդ մասին: Ցավից գլուխներս կորցրել էինք: Մի բան միայն շատ հստակ էր հենց առաջին իսկ պահից. իմ ընտանիքը չի գնալու վրեժի ճանապարհով: Մենք այս երկրի քաղաքացիներ ենք, հավատում ենք արդարադատությանը, օրենքի գերակայությանը: Ահա թե ինչով էր պայմանավորված իմ նամակը՝ ուղղված հանրապետության նախագահին: Արձագանքեցին իմ նամակին նաեւ գիտնականներն ու մտավորականները՝ իրենց լուրջ մտահոգությունն արտահայտելով նման բռնությունների հանդեպ:
Եվ, վերջապես՝ իմ պայքարն ինչի՞ն է նպատակաուղղված: Իհարկե՛, արդարադատության կայացմանը: Մարդիկ պետք է տեսնեն, որ այս երկրում օրենքներն են գործում, ոչ թե փողն ու կապերը: Ոչ ոք ապահովագրված չէ բռնության ենթարկվելուց: Եվ եթե բռնություն կիրառողը պատժվի օրենքի ողջ խստությամբ, դա էլ դաս կլինի բոլոր նրանց համար, ում թվում է, որ իրեն ամեն ինչ կարելի է: Ահա, այս առումով էլ ես համացանցում ուշադրությամբ հետեւում եմ բոլոր նմանատիպ դատավարություններին ու մինչեւ վերջ հետամուտ եմ լինելու արդարության կայացմանը: Չգտնեմ այն իմ երկրի ներսում, կգտնեմ միջազգային ատյաններում:
-Ինչպե՞ս կգնահատեք լրագրողների աշխատանքը. այն Ձեզ բավարարո՞ւմ է:
-Ինչ խոսք, բավարարում է (չեմ ուզում բացառություններին անդրադառնալ): Դատարանի դահլիճում նստած՝ շատ լրագրողներ ժամեր շարունակ լուռ հետեւում են այս ծանր դատաքննությանը: Երբեմն լինում են անակնկալ միջադեպեր, իսկ լրագրողների տեսանյութերը՝ զետեղված տարբեր կայքերում, արտացոլում են իրականությունը եւ իրազեկում հանրությանը դատարանում կատարվածի մասին: Միայն մեկ նկատառում կուզենայի հայտնել, որ լրագրողական նյութերը ոչ միայն կրեին արձանագրության բնույթ (ինչ խոսք, սա էլ է կարեւոր), այլեւ ավելի վերլուծական լինեին, մանավանդ, որ լրագրողները նյութերի վերնագրերը հիմնականում շատ դիպուկ են ընտրում:
Շարունակությունը՝ «Հրապարակ»-ում:
Այս նյութը դիտել են - 11238 անգամ