Սպասե՛նք «Երկիր Ծիրանի»-ի պատասխանին. Hraparak
2018-02-28 15:04:00
«Հրապարակ»-ը գրում է.
Փաստաբաններ Երվանդ Վարոսյանը եւ Լուսինե Սահակյանը Փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ ենթարկվել են պատասխանատվության՝ նկատողության տեսքով։ 
Այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Երվանդ Վարոսյանը՝ նշելով, որ պատասպանատվության են ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանի դիմումի հիման վրա .«Վերջին շրջանում պետական չինովնիկների դարբնոց դարձած այդ կառույցը գտել է, որ դատարանի դահլիճից ապօրինի հեռացված մեղադրյալի պաշտպանն իրավունք չունի ենթարկվել իր պաշտպանյալի կարգադրության ու որպես բնությանն անհայտ երևույթ պիտի շարունակի գտնվել դատարանում։
Իսկ թե ինչը կամ ով է ստիպել այդ կցակառույցին փոփոխել նախկինում ունեցած իր դիրքորոշումը (օրինակ փաստաբաններ Լիպարիտ Սիմոնյանի, Արմեն Ֆերոյանի, Լևոն Բաղդասարյանի գործերով), կարծում եմ ակնհայտ է։
Որոշումը կայացվել է խորհրդի կողմից հետևյալ կազմով`նախագահող, «Երկիր Ծիրանի» կուսակցության փոխնախագահ Կարապետ Աղաջանյան, անդամներ` ՓՊ ՀՊ գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյան, Փաստաբանական դպրոցի տնօրեն, մեղադրյալ Սիմոն Բաբայան, Արա Զոհրաբյանի տեղակալ Նելլի Հարությունյան, Արա Զոհրաբյանի մեկ այլ տեղակալ, քաղբանտարկյալ Անդրեաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյան, Արա Ղազարյան, Տիգրան Խուրշուդյան»,- նշեց փաստաբանը։
Նշենք, որ «Սասնա ծռերի» գործով Փաստաբանների պալատը բազմաթիվ դիմումներ է ստացել նախագահող դատավորներից, դիմումների զգալի մասը ՓՊ խորհուրդը դեռ չի քննել։ 
Այս նյութը դիտել են - 5124 անգամ