Մենք հպարտ ենք մեր քաջարի զինվորի բազկի եւ ոգու ուժով, հպարտ ենք, որ ունենք պատերազմի բովում թրծված ու կայացած, հզոր ու հաղթական բանակ
2018-02-22 23:42:00

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:

Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:

Շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին: Արցախյան գրեթե յուրաքանչյուր ընտանիքում կան զինվորներ, սպաներ, գեներալներ, հայրենիքի պաշտպանությանը մասնակցած վետերաններ, այդ սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած ազատամարտիկներ: Հավե՜րժ փառք ու պատիվ Հայրենիքի նվիրյալներին:

Մենք հպարտ ենք մեր քաջարի զինվորի բազկի եւ ոգու ուժով, հպարտ ենք, որ ունենք պատերազմի բովում թրծված ու կայացած, հզոր ու հաղթական բանակ, որն անառիկ է պահում հայրենի երկրի սահմանները եւ միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ թշնամու ցանկացած ոտնձգության: Հպարտ ենք եւ այսուհետ էլ կանենք ամեն հնարավորը մեր երկրի պաշտպանունակության ու ժողովրդի անվտանգության շարունակական ամրապնդման, խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ:

Թանկագի՛ն բարեկամներ, Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք»: 

Այս նյութը դիտել են - 6876 անգամ