«Դեմը կտրեք».միջադեպը սկսվեց Տարոն Մարգարյանի հրահանգից հետո
2018-02-13 14:13:00
Երևանի ավագանու նիստին փետրվարի 13-ին տեղի ունեցած միջադեպը,որը հայ իրականության մեջ բավական բացառիկ բնույթ կրող իրադարձություն է, դարձել է խորը մտորումների առիթ՝ վկայող այն բանի մասին,որ Հայաստանում շատ առումներով վիճակն իսկապես վատ է, մտորումների առիթ տվող:
Հիշեցնենք, որ այդ ծեծուջարդը, որն իրականացվեց «Երկիր ծիրանի»-ն ներկայացնող Մարինա Խաչատրյանի դեմ անձամբ Տարոն Մարգարյանի հրահանգից հետո (ապստամբած խմբակցության անդամների դեմն ամեն գնով առնելու կոչեր էր հնչեցնում վախեցած քաղաքապետն իր գաղափարակից ընկերներին), առաջ էր եկել էկոլոգիական խնդրի վերաբերյալ խմբակցության ահազանգից հետո:
Փոխարենը վերհանած խնդրին լուծում տալու, Նուբարաշենի բնակիչներից ոմանց հակահիգիենիկ կենցաղը բարելավելու մասին որոշում կայացնելու՝ քաղաքապետարանում նախընտրեցին ձեռք բարձրացնել կնոջ դեմ,ինչն ուղղակի խայտառակություն է, ձեռք բարձրացնողների թուլությունը փաստող իրողություն: 
Ավելին՝ դա նաև վկայում է քաղաքապետի նկատմամբ համապատախանների ունեցած ոչ բավարար հարգանքի ու պատկառանքի մասին,ինչը,թերևս,պետք է մտածելու տեղիք տա նախևառաջ Տարոն Մարգարյանին, ում համար այս միջադեպը ոչ միայն տհաճ է էսթետիկական իմաստով,այլև կարող է հեռուն գնացող բաների մասին վկայել:
Պետք է մի շատ կարևոր հետևություն անել այս ամենից ու եզրակացնել,որ քանի դեռ երկրում առկա են չլուծված խնդիրներ,քանի դեռ պրոբլեմները միանգամայն գիտակցաբար կոծկվում են՝ լուծվելու փոխարեն, նման իրավիճակների առաջացման վտանգ միշտ էլ կա:
Նույնիսկ ավելին՝ կարող է նաև պատահել այնպես,որ մի օր էլ բանը հասնի իրար դեմ զենք ճոճելուն ու տեռորին, ինչին Հայաստանն ուղղակի չի դիմանա: Եվ ուրեմն՝ որքան արագ ու արդյունավետորեն լուծվեն օրհասական խնդիրներն,այնքան մեծ կլինի ներքին կայունություն պահպանելու շանսը,որի կարիքն այսօր Հայաստանն ինչպես երբևէ շատ ունի:
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 17805 անգամ