Վարչապետը հանձնարարել է հստակեցնել չօգտագործվող հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման ընթացակարգը 2018-02-08
2018-02-08 01:05:00

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: 
Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը ոռոգելի որոշ հողատարածքների չօգտագործման խնդրի վերաբերյալ էր: «Վերհանված տվյալների համաձայն՝ առկա են գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողատարածքներ, որոնց օգտագործման մակարդակը չափազանց ցածր է, մասնավորապես՝ միայն Արարատյան դաշտավայրում արձանագրվել է շուրջ 24 հազար հեկտար ոռոգելի հողատարածք։ Նման հողատարածքները հանդիսանում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականությունը, իսկ գործող օրենսդրական կարգավորումները՝ օգտագործումը խթանելու, անգործության համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ, ինչպես նաև հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման՝ հստակ, ոչ հայեցողական գործիքակազմ չեն նախատեսում»,-նշել է վարչապետը։
Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է 1-ամսյա ժամկետում տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության նախարարներին, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողամասերի օգտագործման խթանմանն ուղղված առաջարկություններ` հստակ անդրադառնալով պատասխանատվության միջոցներ կիրառելու մեխանիզմների և հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման ընթացակարգը հստակեցնելու, պաշտոնատար անձանց նման գործընթացը նախաձեռնելու հայեցողական լիազորությունը սահմանափակելու հարցերին։
«Կարծում եմ՝ սա խնդիր է, որովհետև մենք ջանքեր ենք գործադրում, միջոցներ ծախսում, որպեսզի ոռոգելի հողատարածքներն ավելացնենք, սակայն ունենք ոռոգելի հողատարածքներ, որոնք ընդհանրապես չեն մասնակցում այս գործընթացին»,-նշել է Կարեն Կարապետյանը:
 

Այս նյութը դիտել են - 7649 անգամ