ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆԸ
2018-02-04 23:14:00
Ապրիլը հեռու չէ, մոտենում է մեր ինքնահիշեցման, ինքնագնահատման ու գաղափարական համախմբման նոր ժամանակացույցը: 
Հաշվի առնելով ԱՄն ներկայիս պրեզիդենտի անկանխատեսելի կերպարը միջազգային քաղաքականության ասպարեզում, ինչպես նաև Ֆրանսիայի պրեզիդենտ Մակրոնի վերջին հայտարարությունները՝ կապված Հայոց Եղեռնի հետ, Թուրքիան իր մտավորականների միջոցով նոր խաղաքարտեր է մեջտեղ բերում, փորձ անելով այդ ճանապարհով կրկին աշխարհը պահել մոլորության մեջ:
100 տարի շարունակ իր դաշնակից ավարառուների հետ միասին, Հայաստանը պահելով շրջափակման ու սողացող պատերազմների իրավիճակում և մեր սքանչելի հայրենիքը մեզ մատուցելով, որպես տուրիստական այցեքարտ, մերժելով մեր պատմական տարածքից անգամ մեկ ոտնատեղ թողնելու մեր հանրապետության միջազգային բազում փորձերը, մերժելով՝ իր երկրի մտավորականներ Յաշար Քեմալի և Օրհան Փամուկի առաջարկները ՝ ցեղասպանությունն ընդունելու վերաբերյալ, այսօր էլ բեմահարթակ է հանել պատմաբան Բասքըն Օրանին:
Ինչ է առաջարկում իր երկրի պատմաբանը: Շա՜տ խորամանկ են: Նա առաջարկում է ներողություն խնդրել ցեղասպանվածների թոռներից, փոխհատուցել վնասները, բայց մեկ և կես միլիոն ՝ Արևմտյան Հայաստանում և 400000 ՝ Արևելյան Հայաստանում թուրքերի ու մերձավոր դաշնակիցների կողմից մահվան դատապարտված մեր հայրենակիցների կորուստը ԳԵՆՈՑԻԴ չհամարել...
Ինչպիսի՜ «մարդասիրություն»...որովհետև գենոցիդի դեպքում, իր պետությունը միջազգային այլ պարտավորություններ պիտի կատարի:
Զգույշ լինենք, բարեկամներ, բոլորն իրենց շահերը լավ գիտեն, մեր տան մեջ որն է մեր շահը... Եվ ինչպես է, որ չենք կարողանում 100 տարի միջազգայնորեն ճանաչել տալ հայոց ցեղասպանությունը, ով է մեզ խանգարում. անգամ Վուդրո Վիլսոնի «Իրավարար վճիռը» կյանքի ուղեգիր չստացավ...
Ռուզան Ասատրյան
Այս նյութը դիտել են - 3318 անգամ