(ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը սկսել է «խորիմաստ» կարծիք ու գուշակություններ կատարել, իրեն պատկերացնելով՝ նաստրադամուսիկ… Ռոբերտ Մելքոնյան
2018-01-18 17:34:00

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ՖԲ իր էջում գրում է.

«Մի խավ կա, որ 90-ականներին՝ մութ, ցուրտ, պատերազմական տարիներին իրենց փողերը, արու զավակներին առան ու փախան եվրոպաներ: 
Գնացին հանգիստ, ապահով ու լավ ապրելու, բիզնեսներ դրեցին՝ հարստացան, լավ զգացին, բարգավաճեցին ու սկսեցին արդեն ոգևորված՝ հաճախ ինքնամոռաց և նույնիսկ շատ ակտիվ միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին, ուղղորդել հայաստանցիներին ու խելք սովորեցնել: 
Հայաստանի մասին հիմնականում պատկերացում ունենալով 90-ականների իրենց պատկերացումներից, կարճատև այցելություններից և դեղնագույն մամուլից ու սոցցանցերի «դիվանագետների» գրառումներից, փորձում են մեզ սովորեցնել, խորհուրդ տալ, «թասիբի» գցել, որոշների ծռաշեղված մտքերին ուղղություն ցույց տալ և նույնիսկ պահանջել…
Մի խոսքով՝ դարձել են հայաստանցիների կամավոր «խորհրդականներն ու բարի կամեցողության կրողները»:

Օրերս էլ, Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանն է «խորիմաստ» կարծիք ու գուշակություններ կատարել, իրեն պատկերացնելով՝ նաստրադամուսիկ…

Այդ նորահայտ եվրոմարգարեի կարծիքով՝ եթե Ս. Սարգսյանն ապրիլին կայացնի վարչապետ դառնալու որոշում, ապա դա կլցնի ժողովրդի համբերության բաժակը: Այդ ճոռոմագույն և «տպավորիչ» անունով կազմակերպության նախագահը նաև հայտարարել է, որ Հայաստանում իրավիճակը պայթունավտանգ է և հղի վատ իրադարձություններով…
Այս դասալիքը, Հայրենիքից փախածը, որպեսզի գոնե կարծիք հայտնի, պետք է նախ վերադառնա Հայաստան ու նոր կարողանա իր «լուսավոր ու աննման» փորձը տարածել…
Այո՛, Հայաստանում ունենք լուրջ թերություններ ու բացթողումներ՝ կոռուպցիոն երևույթներ, կաշառակերության, օրենքի ոչ լիարժեք կիրառման, հովանավորչության, անարդարության դեպքեր, տնտեսական դժվարություններ, սակայն պետք չէ այդ ամենը շահարկել և ապստամբությունների կոչեր անել:
Մեզ անցնցում և հանդարտ, սակայն հետևողական ու արագ փոփոխություններ են պետք…»:

Այս նյութը դիտել են - 41053 անգամ