ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՋՈԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԾԵԾԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ ՎԵՃԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
2018-01-13 02:57:00

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ քննչական կոմիտեում քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով քննված քրեական գործ:

ՀՔԾ-ից հայտնում են, որ քրեական գործերից մեկով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 27.10.2017թ.-ին` ժամը 00:40-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջեւ, որոնց շարքում եղել է նաեւ ՀՀ ոստիկանության ջոկի հրամանատար Գ. Ս.-ն: Վերջինս տեւական ժամանակ հայհոյանքներ է տվել եւ ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել վիճաբանության մասնակիցներին:

Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից խուլիգանություն կատարելու առերեւույթ հանցագործության հատկանիշներ, ուստի վերը նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:

Այս նյութը դիտել են - 4925 անգամ