Չարակամները հիմա լու՞ռ են, թե՞ ինձ է թվում
2018-01-10 04:44:00
Մանկավարժիս օրագրային գրառումները շարունակվում են: Գուցե հատուկենտ մարդկանց դուր չեն գալիս, բայց շարունակվում են: 2017-ի նյութերը կդառնան իմ «Մանկավարժի օրագրի» 2-րդ մասը, որ հանձնված է խմբագրման և սպասում է մի բարեխիղճ հովանավորի, գուցե թե ձեռք մեկնող լինի՝ այն հրատարակելու: Նախատեսել եմ տարին մեկ հավաքագրել այդ օրագրի առանձին մասերը, որ պիտի դառնան իմ մանկավարժական գործունեության կենսագրականը:
Այս երկու տարվա իմ գրառումների ընթացքում երբեմն հանդիպում էի հակադրվողների, որ փորձում էին վարկաբեկել մանկավարժիս աշխատանքն այս տարածական միջավայրում՝ համարելով, որ ապրիլյան պատերազմի օրերին կեղծ լրագրությամբ եմ զբաղվել՝ ապատեղեկատվություն տարածելով շրջապատում: Պարզվում է՝ ապրիլի 2-8-ը ժամանակահատվածում, շատ-շատերի նման տարհանված լինելով Մարտակերտից ոչ շատ հեռու մի գյուղ, մենք չէինք կարող իմանալ, թե Մարտակերտում ինչ է կատարվում, նույնիսկ այդ օրերին իմ գրիչը լռել էր:
Պարզվում է՝ ես թաքցրել եմ իմ մի քանի օրվա մոտակա գյուղում լինելը, այն դեպքում, երբ տարհանվածի ապրումներիս մասին գրառումներս օրեր անց տեղ են գտել սոցցանցերում, նաև իմ հրատարակած «Մանկավարժի օրագրում»: Ինձ հակադարձողները գիտե՞ն, որ այդ «Քառօրյա» կոչվածից հետո մի ամբողջ ապրիլ մեկընդմեջ Մարտակերտը հրետակոծության տակ էր, իսկ իմ ընտանիքը պատսպարված էր խոնավությունից բորբոսնած նկուղում՝ կրծողների կողքին... Նրանք գիտե՞ն, որ այստեղ միակ երեխան փոքրիկ թոռնիկս էր, ով մեզ հետ օրեր շարունակ ապրեց գրադի հարվածների սարսափը...
Որտե՞ղ էին ինձ հակադրվողները, երբ մինչ այսօր 92-ի Արցախյան պատերազմի շունչն եմ զգում ու չեմ մոռանում ամիսներով ապրած մեր նկուղային կյանքը: Որտե՞ղ էին նրանք, երբ այդ նկուղից դուրս եկա կեսգիշերին՝ քնաթաթախ, փոքրիկ դստերս հետ, երբ երեսուն բնակարանոց շենքից երկու ընտանիք էինք մնացել այստեղ: Տղամարդու բարձր ձայնից հանկարծ վեր թռանք. «Եթե մարդիկ կան այդտեղ, թող դուրս գան, «թուրքերը» մտնում են...»: Որտե՞ղ էին նրանք, այն հակադարձողները, երբ այդ ձայնից սարսուռ զգացինք և դուրս եկանք նկուղից՝ քամու բերանն ընկած, անձրևի տակ, գիշերային մթության մեջ իրար չտեսնելով...
92-ին շատերի նման դարձա բռնագաղթված տարագիր, երբ օտարության մեջ էի, վերադարձա հարազատ օջախ, դարձա հայրենադարձ, նորից պատերազմ տեսա ապրիլին, դարձա տարհանված, գրիչ վերցրի ձեռքս, բայց լրագրող չդարձա, երբ ուսուցչուհու բարձրարժեք մասնագիտությունն է ինձ ուղեկցում: «Լրագրող» անվանումն ինձ չսազեց, երբ եղան մարդիկ, որ ցանկացան խեղաթյուրել իմ ընթերցողներին, թե Մարտակերտում «կեղծ լրագրող» է ի հայտ եկել:
Ինչու՞ իմ գրչին հակադրվողներ հանդես եկան, երբ այն հանգիստ արձանագրում էր մի դպրոցական կյանք: Ինչու՞ եղան մարդիկ, որ առերես աչք փակեցին իմ գրագրությունների առջև, բայց ամեն անգամ լուռ ընթերցում էին գրածներս ու չարանում: Ինչու՞ նրանցից ոմանք առայսօր էլ խուսափում են և չտեսնելու տալիս իմ գործունեությունը տարբեր սոցկայքերում: Այս «ինչու»-ների շարքն ավելանում է, երբ հիշում եմ, որ մանկավարժիս գրքերի շնորհանդեսին նրանցից մի քանիսը լուռ մասնակցեցին այդ հանդիսավոր միջոցառմանը և չբարեհաճեցին մի բարի խոսք ասել, երբ ինձ նվիրած ծով ծաղիկների մեջ էի, արժանավորների գնահատանքի բարձր խոսքերից ինձ կորցրած:
Չարացան ոմանք, քմծիծաղեցին, բայց վախեցան անունս տալ, երբ անհասցե վիրավորանքներ էին տարածում: Արհամարհանքը զենք դարձրի ու լռեցրի պոռթկացող հոգիս: Ես հասկացա, որ իմ հաջողությունը ոմանց չարացնում է, հասկացա, որ վեր թռչելը բոլորին տրված չէ, բայց ես սովոր եմ թռչելու, իսկ դա նրանց դուրեկան չէր:
Չարակամները հիմա լու՞ռ են, թե՞ ինձ է թվում... Իսկ գուցե ինձ ուղղված այն անթաքույց ժպիտների տակ քողարկված չարությու՞նն է նոր ոստայն հյուսում...
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 6128 անգամ