Նոր տարին Մարտակերտում
2018-01-04 03:45:00
Ինչպե՞ս դիմավորեցինք Նոր տարին Մարտակերտում, երբ այստեղ էլ լեփ-լեցուն խանութների ապրանքների սպառումն ազդարարում էր այն ակտիվ առուծախի մասին, որ ամենուր նկատվում էր Ամանորի գալստյան օրերին: Թանկն ու էժանն այստեղ չէին առանձնանում, երբ յուրաքանչյուրը յուրովի՝ մտահոգ թե անհոգ, իրեն հասանելիք արժեքի ապրանքներն էր գնում: Քաղաքի շքեղ տոնածառն էլ կարծես բոլորիս ուրախ տրամադրությունն էր խորհրդանշում, որ լավագույն ցանկություններով սպասում էինք Նոր տարվան:
Ստեփանակերտից վերադարձա տուն և մտա մոտակա խանութը՝ առևտուր անելու Նոր տարվա նախօրեին: Անսպասելիորեն դարձա խանութի աշխատողի համար իսկական մարտակերտցի, ով մայրաքաղաքից ոչինչ չէր գնել, դատարակաձեռն վերադարձել էր, գերադասել իր բնակավայրի խանութներից գնումներ կատարել:
Տարեմուտի բարձր տրամադրությունն հանկարծակի ընկավ, երբ լսեցինք մոտակա Նոր Կարմիրավան գյուղից Մարտակերտ եկող ճանապարհի վրա տեղի ունեցած ավտովթարի մասին: Մարդկային մեկ զոհ կար և մեկ վիրավոր. վերջինս մեր դպրոցի աշակերտներից մեկի հայրն էր: Շատ-շատերի համար Նոր տարին վերջացավ, երբ համագյուղացի կար կյանքից հեռացած և սգավոր դարձած մի քանդված օջախ, որ հին տարվան հրաժեշտ էր տալիս հարազատի կորստով:
Հունվարի մեկին Նոր Կարմիրավան գյուղում ուսուցչուհի Օֆելյա Ոսկանյանի տանն ենք: Ցավակցում ենք ամուսնու մահը: Ամբողջ գյուղը կանգնած է...Նրանց վշտին կարեկից է գյուղի հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվը:
Ասում են՝ տխրությունն ու ուրախությունն ընկերներ են: Ոմանց համար սուգը մտավ իրենց օջախները և Նոր տարվա երկրորդ օրը գուժեց թաղման արարողության մասին: Իսկ ողբերգական վթարի տեղը երկյուղածությամբ էին ցույց տալիս այդ ճանապարհով անցնողները, և շատերի համար առեղծված դարձավ դժբախտ պատահարը: Ոմանք տոնական տրամադրությամբ դիմավորեցին Ամանորը՝ նոր իղձեր փայփայելով գալիքի մեջ՝ երազանքների իրականացման հույսերով:
Մարտակերտցիներից շատերը Նոր տարին դիմավորեցին հրավառությամբ, ամբողջ երկինքը գիշերային մթության մեջ առկայծող փայլփլուն լույսերի երփներանգ փունջ էր դարձել, որ ուղեկցվում էր ուրախ ձայներով: Բարձրակոչ դղրդոցները երբեմն հիշեցնում էին այն սարսափելի օրերը, որ պատերազմական օրերին տեսանք հրետակոծվող Մարտակերտում:
Բայց այս օրերին բոլորիս ցանկությունը խաղաղ երկինքն էր, որ դեկտեմբերի 31-ի և հունվարի 1-ի սահմանագծին հրավառ գունդ էր դարձել, կարծես առ Աստված ուղղված ըմբոստության կոչ էր, մի նոր ընդվզում, որ աղաղակում էր հայի անկոտրում կամքի մասին, որ ահռելի ցասում էր դարձել պատերազմի դեմ: Սահմանին կանգնած զինվորի երդման արարողություն էր կարծես, որ նրանց անվտանգության երաշխիքն են դարձրել գիշերային խավարում մշուշված հրավառ մի երկինք:
Նոր տարվա տոնական օրերն են, դեռ ամենուր շարունակվում են շնորհավորանքներն ու հյուրընկալությունները: Նոր տարին ուսուցչուհուս համար էլ մի նոր էջ է, նորի սկիզբ, որ պիտի շարունակվեն իմ օրագրային գրառումներն ինձ հարազատ դարձած կայքում, ու պիտի ծնվի 2018-ին «Մանկավարժի օրագրի» մի երրորդ մաս՝ իմ մանկավարժական գործունեությամբ:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 7339 անգամ