USArmenianews.com -ի շնորհավորանքն` Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ
2017-12-31 10:48:00
Հարգելի՛ հայրենակիցներ , «USArmenianews .com » լրատվական-վերլուծական կայքի աշխատանքային թիմը սիրով շնորհավորում է բոլորիդ՝ Ամանորի և Սուրբ ծննդյան լուսավոր տոների կապակցությամբ, ցանկանում յուրաքանչյուրիդ անձնական երջանկություն ու նորանոր ձեռբերումներ գալիք տարում։
Անցած տարին լի էր բազմաթիվ նշանակալից իրադարձություններով, թե՛ Հայաստանի ու Արցախի, թե՛ Սփյուռքի կյանքում:
2017-ն առատ էր թե՛ ձեռբերումներով ու թե՛, ցավոք, անհաջողություններով, որոնք, սակայն, ի վիճակի չեղան կոտրել հայի լավատեսությունն ու ոգին: Եկող տարին նույնպես պակաս հագեցած չի լինելու կարևորագույն իրադարձություններով:Նոր Սահմանադրությունը լիարժեքորեն մտնելու է ուժի մեջ` իր հետ բերելով զարգացման համար ոչ միայն դրական նախադրյալներ, այլև գուցեև փորձություններ:
Վստահ ենք, սակայն, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք իրական եռամիասնության պարագայում ցանկացած փորձություն հաղթահարելի է լինելու:
Հայի հաջողության բանաձևը ժամանակին լավագույնս սահմանել է, թերևս, Չարենցը, որի հանրահայտ պատգամին էլ իրապես արժե հետևել ազգովի, քանի որ հենց միասնությամբ է հնարավոր դառնում այն համազգային երազանքների ու իղձերի նյութականացումը, որոնք մաս են կազմում մեր ազգային կարևորագույն նպատակներին:
Ինչ վերաբերում է չորրոդ իշխանությանն, ապա լրագրողներին մաղթում ենք արիություն ու համարձակություն, սուր գրիչ ու առավելագույն օբյեկտիվություն իրենց աշխատանքային գործունեության մեջ:
Հայաստանն այսօր, ցավոք, լավագույն պայմաններում չէ, որ գտնվում է, ինչը թերևս, պայմանավորված է նախևառաջ իշխանությունների`շատ հարցերում ցուցաբերած ոչ ադեկվատ պահվածքով, սակայն,վստահ ենք, որ այս իրավիճակի շտկումը միանգամայն հնարավոր է դառնալու այդ թվում նաև անաչառ լրագրողական գրչի օգնությամբ:
Առողջ ու փաստարկված քննադատությունն է ընկած նաև ցանկացած հասարակության զարգացման հիմքում:
Առանց խոսքի, կարծիք հայտնելու բնատուր ազատության ժողովրդավար,զարգացած Հայաստան ունենալ չենք կարող`որքան էլ դրա մասին երազենք:
Սիրելի՛ բարեկամներ, ևս մեկ անգամ մաղթում ենք բոլորին ամենայն բարիք ու երջանկություն:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Շնորհավոր 2018 թվական...
Այս նյութը դիտել են - 15659 անգամ