«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը արդեն 6 օր է, ինչ գտնվում է հացադուլի մեջ։ Նա պահանջում է իրեն բժշկական հետազոտությունների ենթարկել, քանի որ ունի առողջական լուրջ խնդիրներ՝ կապված նյարդերի հետ։
Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ նա բավականին թույլ է, 6-րդ օրն է, ոչինչ չի ուտում։ ««Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից հանձնաժողով է եկել, իբր թե զննելու։ 1,2 հարց են հնչեցրել եւ թողել գնացել են։ Ոչ մի միջամտություն, ոչ մի ախտորոշում․ այս 6 օրերի ընթացքում ընդամենը 2 անգամ ճնշումն են չափել, ուրիշ ոչինչ արվել։ Նա ասել է, որ ցանկանում է հետազոտվել, ասել են՝ մենք քննարկման առարկա դա կդարձնենք, մի խոսքով՝ լրիվ ձեւական գործընթաց էր, կասկած անգամ չունեինք, որ էդպես է լինելու։ Նա շարունակելու է հացադուլը, շատ վճռական է տրամադրած, չի պատրաստվում զիջել, մինչեւ պատշաճ բժշկական հետազոտություններ չապահովեն, ինչի պարտականությունը ՔԿՀ-ն ունի»։
Փաստաբանը նաեւ նշեց, որ երեկ Քրեակատարողական վարչության պետին դիմում է հասցեագրել, որպեսզի Արմեն Բիլյանին տեղափոխեն «Արմավիր» ՔԿՀ, քանի որ իր պաշտպանյալի խցում 13 անձ է գտնվում, որոնք ծխում են․ «Որքանով ես եմ տեղյակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի պայմանները ավելի մարդկային են, դրա համար ես ավելի նպատակահարմար եմ գտնում, որ ինքը այնտեղ պահվի։ Բժշկական հետազոտությունների հետ կապված լրացուցիչ միջոցների կդիմենք»։