Ո՞ւմ հետույքն է ավելի էլիտար
2017-12-19 09:44:00
Ինչպես հայտնի է , պետական օղակները պետբյուջեի հաշվին սեփական պետքերը հոգալու գործընթացն իբր թափանցիկ դարձնելու համար ամեն անգամ հրապարակում են սեփական գնումների պլանը, որը մոտավոր պատկերացում է տալիս համապատասխան ապրանքացուցակի վերաբերյալ:
Այս առումով Հայաստանում մամուլը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում գերատեսչությունների կողմից ներկայացվող գնումների պլանն, ինչը պայմանավորված է հասարակական այն հետաքրքրասիրությամբ, որ կա սույն հարցի շուրջ: 
Պարզվում է` դիցուք` Սիսիան համայնքի համայնքապետարանի աշխատակազմի 2018 թվականի գնումների պլանը բավական ինքնատիպ տեսք ունի. ուշադրության է արժանի հատկապես մի դրվագ այդտեղից, որին, ի դեպ, ուշադրություն էին դարձրել նաև հայկական մամուլում: Gnumner.am-ից պարզում ենք, որ, մասնավորապես, զուգարանի թղթի հարցում Սիսիանի համայնքապետարանը բավական կրեատիվ մոտեցում է ցուցաբերել: Համայնքապետարանը ցուցակում նշել է երկու տեսակի զուգարանի թղթի մասին` էժան ու թանկ: Էժանն արժե 150 դրամ, թանկը, ենթադրելի է տեղի էլիտաների համար նախատեսված՝ 250:
Իհարկե, միգուցե ոմանք այս դրվագն այնքան էլ հատկանշական չհամարեն և կամ նույնիսկ ամոթ համարեն, բայց հենց նմանատիպ երևույթներն են նաև, որ ի ցույց են դնում այն ընդհանուր տրամադրությունը, որ իշխող է որոշ վայ չինովնիկների շրջանում:
Հարց է առաջանում` այդ ո՞ւմ հետույքն էր իր տիրոջից նեղանալու, եթե հիգիենայի համապատասխան պարագայի գնման հարցում գոնե ձևական հավասարություն պահպանվեր: Չէ որ բյուջեն բավական սուղ է, իսկ եկամուտներն էլ միայն նվազման միտում ունեն:
Փաստորեն` մեզանում էլիտար հետույքներ էլ կան, որոնց մասին միմիայն նոր ենք տեղեկանում: Կամ եթե փողը գոլ էր տվել, թող էժանագինի փոխարեն ամբողջությամբ թանկագնանոցն առնեին. այդպես գոնե բոլորին լավ կլիներ, այլ ոչ թե նման անհամություն կստացվեր:
Ցավոք, նմանատիպ դեպքերը ևս մեկ անգամ վկայում են ոչ հաճելի բաների մասին, իսկ ավելի ճիշտ` շատ տհաճ ու անթույլատրելի իրողությունների, ինչն արդյունք է այն ամենաթողության, որ տիրում է այսօր շատ պետական օղակներում ու հաստատություններում:
Այս սուղ պայմաններում յուրաքանչյուր ծախսված լումայի համար պետք է կարողանալ պատասխան տալ ու հիմնավորել դրա նպատակահարմարությունը: Զուգարանի թուղթն անգամ բացառություն չէ, քանի որ հենց նման բաների քողի ներքո է տեղի ունենում պետական միջոցների յուրացում:
Այս նյութը դիտել են - 8185 անգամ