Վահե Ավետյանի ընտանիքը քաղհայց է ներկայացրել Ռուբեն Հայրապետյանի եւ 6 դատապարտյալների դեմ. News
2017-12-18 15:08:00

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում 2012թ. հունիսին սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հարազատները նոր քաղաքացիական հայց են ներկայացրել Ռուբեն Հայրապետյանի եւ գործով դատապարտվածների դեմ:

Դատական տեղեկատվական համակարգից NEWS.am-ը տեղեկացավ, որ հայցը ձեւակերպված է հետեւյալ կերպ՝ կերակրողին կորցնելու արդյունքում պատճառված նյութական վնասի, տուժող Վահե Ավետյանի կյանքի իրավունքի և տուժողներ Արտակ Բայադյանի, Գարիկ Սողոմոնյանի և Էդգար Նիկոյանի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցման պահանջների մասին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ:

Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին մահացել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործով ամբաստանյալներ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին առաջին ատյանի դատարանը մարտի 24-ին դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման։ Վերաքննիչն անփոփոխ է թողել դատավճիռը, իսկ Վճռաբեկն էլ գործը վարույթ չի ընդունել:

Այս նյութը դիտել են - 9783 անգամ