2017-ը մանկավարժիս ազատ գործունեության հաղթանակն էր
2017-12-14 09:59:00
Դեկտեմբերի այս օրերին ձգտում եմ մինչև Նոր տարին ավարտին հասցնել իմ «Մանկավարժի օրագրի» 2-րդ մասը, որը նույնքան ծավալուն կլինի, ինչպես նախորդն էր, որ հրատարակվել էր ամիսներ առաջ:
 Այն 2017-ի իմ բոլոր նյութերն են, որտեղ աշակերտների կողքին նաև ուսուցիչներ կան ընդգրկված, այս հողին ամուր թելերով կապված անհատականություններ, ովքեր հավատարմորեն իրենց աշխատանքն են վարում իմ կողքին՝ իրենց հոգում ունեցած կորստյան ցավով, հայրենիքի վաղվա օրվա մտահոգությամբ, սերունդների դաստիարակության վեհ առաքելությամբ:
Այնքան էլ շատ պետք չէ հետ նայել՝ ամփոփելու մեկ տարվա մանկավարժի գործունեություն, որ տքնաջան աշխատանք է ընդգրկում իր մեջ՝ այս անգամ խաղաղ երկնքի տակ, նաև՝ սահմանային կրակոցների արձագանքներին միախառնված, երբեմն՝ հերթական զգուշացումներով, որ հանկարծ հեռվից եկող այն փորձարարական զորավարժությունների ժամանակ բարձրակոչ խուլ թնդյուններից չսարսափենք: Հարմարվում ենք երբեմն այդ բարձրակոչ ձայներին, որ գալիս են հիշեցնելու մեզ, թե կյանքն այդքան էլ խաղաղ չէ, ինչպես մենք ենք երբեմն կարծում, երբ այդ արկերի պայթյուններից զոհեր են լինում նորից, ու սիրտդ մի նոր կսկիծ է մտնում, ահազարհուր մի մեծ վիշտ, որ ոչինչ չի վերջացել այս անցավոր կյանքում, երբ կողքիդ թշնամի ունես սանձարձակ ու վայրենի:
Տարին հաջողակ էր իմ ստեղծագործական գործունեության համար, իսկ այն դյուրին չէր այդքան էլ, երբ գիշերն ու ցերեկն իրար էին խառնվել, որ գրի առնվեին ամենօրյա իմ ապրումները, որոնք ուղեկցվում էին իմ աշակերտների անհանգիստ մտորումներով, նրանց ամեն մի անսովոր խոսքով, բանավիճային թեմաներով, նորի հանդեպ ունեցած իրենց տարակարծություններով ու առաջարկներով:
Այս տարվա իմ երկու գրքերի հրատարակությունը 2016-ի մանկավարժիս գործունեությունն էր ընդգրկում: Այն դարձավ «Մանկավարժի օրագրի» 1-ին մաս՝ իմ ամենօրյա գրառումներով, որ աշակերտների հետ մի նոր հասկացված հարաբերություն էր բացահայտում: Մանկավարժիս գեղարվեստական վերլուծություններն իր աշակերտներին արտադասարանական ընթերցանության մեջ ուղղորդելու սկիզբը դրեցին, որից էլ ծնվեց ուսուցչի ու գրողի մի նոր հարաբերություն, որ պիտի ամրագրվեր «Գրողն ու ուսուցիչը...Ժամանակի մեջ և անդին» գրքի հրատարակությամբ:
Մանկավարժիս համար գնահատանքի, մեծարման տարի էր, որ շարունակվում էր իմ համեստ գրչով տեսանելի դառնալ դպրոցս, նորօրյա սերունդը, գործընկերներս, հենց ես՝ մանկավարժս... Բայց հազարավորների համար տեսանելի դառնալն ու ընդունված լինելը թե՛ սոցկայքերում և թե՛ տարբեր եթերներում, այնքան էլ ընկալելի չէր հատուկենտ անհատների կողմից, որ հաղթահարվեց իմ իսկ զգոնությամբ, այս նվիրական գործի շարունակական ընթացքով: Իմ գրիչը երբևէ կանգ չառավ, երբ հիասթափության ու թևաթափ լինելու անկումային ապրումներին նորից հաջորդեցին վերելքների հասնելու մանկավարժիս հակումը...Ու 2017-ն ինձ համար դարձավ հաղթանակի ու նոր դժվարություններ հաղթահարելու տարի:
Գուցե և հակադարձողներ կլինեն ինձ, բայց դա հաղթանակ էր մանկավարժի ազատ գործունեության, նպատակասլաց աշխատանքի, դեռահասների հետ ունեցած հասկացված հարաբերության ու այդ իսկ դեռահասներին՝ շատերին տեսանելի դարձնելու ցանկությամբ, որ իրականություն դարձավ: Դա հաղթանակ էր այն նորարարության, որի սկիզբը դրել էի դեռ տարիներ առաջ՝ իմ առաջին մեթոդական ձեռնարկը հրատարակելով: Տարին հաղթական էր ինձ համար, որ մանկավարժիս գործունեությունը շարունակական դարձավ ու ազդարարում է այս օրերին մի նոր գրքի ամփոփման ավետիս, որ սերունդներին թողնվի՝ որպես 2017-ի հիշողության արթնացում:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 11778 անգամ