Ես միշտ «գաղտնի» հետևում էի Ձեր ֆեյսբուքյան էջին
2017-12-12 08:14:00
Ինչպիսի՜ անկեղծություն աշակերտուհու կողմից, ում մի քանի ամիս է, ինչ դասավանդում եմ: Տեսնես այսպես «գաղտնի» ընթերցողներ քանի~-քանիսը կլինեն, ովքեր չեն համարձակվում տեսանելի դառնալ կամ այս տարածքում ընկերանալ մեզ: Ու սիրով եմ ընթերցում նրա տողերը, որ անակնկալ էին ինձ համար. «Պիտի խոստովանեմ, տիկի՛ն Պողոսյան, ես երկար ժամանակ «գաղտնի» էի հետևում Ձեր ֆեյսբուքյան էջին: Համարձակություն չունեի ընկերության հայտ ուղարկել ուսուցչուհու, ով ինձ չէր դասավանդում: Բայց ամեն անգամ ընթեցում էի Ձեր տեղադրած նյութերն ու մտածում. «Կլինի՞ մի օր, որ ես էլ հայտնվեմ այնտեղ»:
Դուք դեռ ամիսներ առաջ դիմել էիք դասարանին. «Ինչպե՞ս եք վերաբերվում այն հարցին, թե ինչու՞ այն աշակերտները, ում չեմ դասավանդում, իմ նյութերում չեն հայտնվում»: Ես ակամայից անձագանքեցի. «Սպասում կար»:
Եվ այս օրերին ես մեկն եմ այն բազում աշակերտներից, ովքեր Ձեր շնորհիվ հայտնվել են լոսանջելեսյան հայկական կայքում, որի շնորհիվ տարբեր թեմաներով մեր մասին գրածներն ամենուր հասանելի են դարձել: Արդեն երկրորդ անգամն է, ինչ ես երևում եմ այնտեղ: Երբ առաջին անգամ հայտնվեցի, համբերությունս չէր հերիքում, րոպեն մեկ մտնում էի կայք, որպեսզի տեսնեմ քանի դիտում ունի նյութը, որում ինձ էիք ընդգրկել: Կարծես թվերն իրենց կորցրել էին, կանգուն չէին մնում, այլ փոփոխվում էին անընդհատ: Բայց վայրկյանների ընթացքում ինչպե՞ս կարող էր նման բան լինել: Սկզբից զարմանում էի, բայց հետո հասկացա լինելությունն ու հանդարտվեցի:
Երկրորդ անգամ հայտնվելով՝ այլևս չէի հետևում թվերի տեղաշարժին: Գիտեի՝ առաջինի պես շարժը չի կանգնի, այն շարունակական կլինի: Մտածում էի, որ կգա մի օր, և թվերը «կքարանան»: Այդժամ ո՞վ կհիշի այդ գրվածքների մասին, միայն նորերը կընթեցվեն: Դրա համար էլ նյութերը, որոնք Դուք գիրք եք դարձնում, հավերժություն են դառնում և երբեք հնություն չեն համարվի:
Տարիները գլորվում են, սերունդները՝ փոխվում: Գրապահարանում քնքշորեն պահված գրքերը միայն իրենց բույրն են փոխում, բայց ո՛չ էջերն ու տողերը և ո՛չ այն մտքերը, որոնք զետեղվել են, որ անմահանան ու հուշ դառնան: Խոսքերս լոկ պատկերացում են, երբ գիրքը նվեր եմ ստացել, սրբության պես պահել, քանզի ինձնից հետո այն սերունդներ պիտի թերթեն: Բայց մինչ այդ ես եմ թերթողը, ես եմ դպրոցական կյանքս վերապրողը: Մեղմ ժպիտով, դողդոջուն ձեռքերով վերցնում եմ գիրքն ու թերթում էջերը...
Էջեր, որտեղ ապրած օրեր են, զգացած պահեր, և անմոռանալի հիշողություններ, որոնք բառեր են դարձել, կողք կողքի շարվել, գրքի մեջ թափանցվել: Ամեն անգամ տողերն ընթերցելիս նոր ապրումներ կունենամ, նոր զգացողություններ և կրկին կարոտ դեպի անցած օրերը: Ահա աչքիս առջև պատկերները քայլում են. դպրոցական կյանքն է իմ առջև: Ընթերցման ակնկալիքով նոր սերնդի ձեռքն եմ փոխանցում, որ նրանք էլ իրենց սերունդներին փոխանցեն հնացած էջերով, բայց ոչ հնություն դարձած գիրքը»:
Չնայած համամիտ չեմ իմ աշակերտուհու կարծիքին, որ ես գրող եմ, չէ՞ որ գրողական տաղանդն ուրիշ է, ոչ բոլորին հասանելի, չնայած մեր օրերում շատ-շատերն են իրենց գրող համարում, բայց սիրով վերհիշեցի Լուիզա Մամունցի հրաշալի տողերը, որ օրեր առաջ ինձ էր ուղարկել. «Դուք ունեք նպատակ, որին հասնում եք արահետի միջով...Մատների վրա հաշվվում են այն ամիսները, ինչ Դուք մեզ դասավանդում եք...Այնժամ լսում էի դպրոցականների պարծալից խոսքերը, իսկ այսօր ես եմ պարծենում, քանզի ինձ դասավանդում է ուսուցչուհի, ով լոկ ուսուցչուհի չէ, այլև՝ գրող»:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 12565 անգամ