ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
2017-12-09 17:48:00

1991թ. դեկտեմբերի 10-ին նորահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության բացարձակ մեծամասնությունը համաժողովրդական հանրաքվեով հաստատեց սեփական ճակատագիրը ինքնուրույնաբար տնօրինելու իր վճռականությունը: Դա, իրոք, բեկումնային, պատմական իրադարձություն էր ոչ միայն արցախցիների, այլև ողջ հայ ժողովրդի համար:

Ահա թե ինչու, երբ այս քաղաքակիրթ, միջազգայնորեն ընդունված օրենքներին համահունչ գործընթացին ի պատասխան, Ադրբեջանը սանձազերծեց աննախադեպ ծավալի պատերազմ, Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու և թշնամուն արժանի հակահարված տալու համար, ավելի, քան երբևէ, համախմբվեց հայ ժողովուրդը՝ ուժի դիրքերից զինադադար պարտադրելով բանականությունը կորցրած ազերի հրոսակներին:
Եվ ահա 26 տարի է, որ հաճախակի խախտվող զինադադարի պայմաններում արցախցին կայացնում ու ամրապնդում է իր պետականությունը, շենացնում իր քաղաքներն ու գյուղերը, մշակում իր արտն ու այգին՝ իրեն բնորոշ համառությամբ, նպատակասլացությամբ և վաղվա օրվա նկատմամբ անսահման հավատով: Եվ այս ամենով հանդերձ, իհարկե, չմոռանալով գլխավորը՝ երկրի սահմանների ամրապնդումն ու պաշտպանության միջոցների արդիականացումը, քանզի թշնամին նույն նենգն է ու դավադիրը, որի վկայությունն է 2016-ի ապրիլյան լայնամասշտաբ պատերազմը:

Յուրաքանչյուր հայի սրտում ու երակներում հպարտության վսեմ զգացում արթնացնող այս փառահեղ տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, հարգելի՛ հայրենակիցներ, ողջ հայ ժողովրդին և, անշուշտ, առաջին հերթին, արցախցի մեր եղբայրներին ու քույրերին:
Պատիվ ու խոնարհում՝ Արցախի անկախության համար նահատակված հերոսների հիշատակին:
Հարատևություն՝ Ազատ, Անկախ Արցախի Հանրապետությանը:
Փա՛ռք հայ ժողովրդին:

ՔԱՂԱՔԱՊԵՏ  Կ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Այս նյութը դիտել են - 8684 անգամ